«Շեն Հոլդինգ»-ը իր աշխատողների համար ներդնում է կենսաթոշակային կամավոր ապահովության ծրագիր

Հայաստանում շինարարական նյութերի խոշորագույն արտադրող «Շեն Հոլդինգ» ընկերությունն իր աշխատողների համար կենսաթոշակային կամավոր ապահովության պայմանագիր է կնքել Հայաստանում կամավոր կենսաթոշակային հիմնադրամների առաջին ու առայժմ միակ կառավարիչ`«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ»-ի (ԿԱՄ ՓԲԸ) հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է հոլդինգի կորպորատիվ քարտուղար Աննա Վարդանյանը:

Նա նշել է, որ «Շեն Հոլդինգ»-ը երկրի տնտեսության իրական հատվածի ներկայացուցիչներից առաջինն է, որ որոշել է հոգ տանել իր աշխատողների ապագա (լրացուցիչ) կենսաթոշակների մասին, և այս որոշումը հանդիսանում է ընկերության սոցիալ-պատասխանատվության քաղաքականության անքակտելի մասը, ինչպես նաև անձնակազմի մոտիվացման ամենակարևոր գործիքներից մեկը:

Ընկերության կորպորատիվ քարտուղարը նշել է, որ «Շեն Հոլդինգ»-ի ղեկավարության կողմից նախատեսվում է իր աշխատողների կենսաթոշակային ապահովման երկու սխեմա` կենսաթոշակների համատեղ ֆինանսավորման սխեման (ընկերությունը կրկնապատկում է իր աշխատողների կենսաթոշակային վճարները) և միակողմանի ֆինանսավորման սխեմա (ընկերությունը, որպես կենսաթոշակային շահառու, միակողմանի կարգով վճարում է կենսաթոշակային վճարներն իր աշխատողների օգտին): Ներկայումս հոլդինգի աշխատողները գերադասել են երկրորդ սխեման: Համաձայն այդ սխեմայի, ընկերությունն ամեն ամիս կատարում է կենսաթոշակային վճարները` տվյալ աշխատողի աշխատավարձի 1%-ի չափով` աշխատավարձի չափը թողնելով անփոփոխ:

Հոլդինգի աշխպատողներն ընտրում են իրենց ապագա կենսաթոշակների ներդրումային քաղաքականությունը: Այսպես, ձեռնարկության յուրաքանչյուր աշխատող հնարավորություն է ստանում ընտրել «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ»-ի երկու հիմնադրամների`«ԿԱՄավոր-1» և «ԿԱՄավոր-2» միջև, կամ այն համամասնությունը, որով ամենամսյա վճարները կբաշխվեն այդ երկու հիմնադրամների միջև: Առաջինը, ինչպես ճշգրտել են հոլդինգում, նախատեսում է կենսաթոշակային միջոցները ներդնել կայուն եկամուտ ապահովող արժեթղթերում, մասնավորապես` պետական, կորպորատիվ պարտատոմսերում և համայնքների կողմից թողարկած կորպորատիվ արժեթղթերում: Կենսաթոշակային ակտիվների մինչև 20%-ը կարող է  ներդրվել բանկային ավանդներում, իսկ մինչև 25%-ը` ներդրումային հիմնադրամների փայերում: Առաջին հիմնադրամի ներդրումային քաղաքականությունը նախատեսում է նաև ակտիվների ներդրումն ածանցյալ գործիքներում, բայց միայն հեջավորման նպատակով:

«ԿԱՄավոր-2» հիմնադրամը նախատեսում է ներդրումային պահպանողական քաղաքականություն և առաջին հիմնադրամի քաղաքականությունից տարբերվում է կենսաթոշակային ակտիվների մինչև 25%-ը բաժնային արժեթղթերում ներդնելու հնարավորությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումովhttp://www.arminfo.am/index.cfm?objectid=A187A370-326A-11E3-9C760EB7C0D21663