«Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ն կարճ ժամանակահատվածում հաջողությամբ տեղաբաշխեց իր 4 մլն. ծավալով դոլարային պարտատոմսերը

«Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ն հաստատել է իր ակտիվ դերը Հայաստանի կապիտալի շուկայում, հաջողությամբ տեղաբաշխելով 4 մլն. ծավալով իր դոլարային պարտատոմսերը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 25-ը տեղաբաշխվել է 11% եկամտաբերությամբ 40 հազար անվանական, արժեկտրոնային դոլարային պարտատոմ (մեկ պարտատոմսի արժեքը`$ 100): Կորպորատիվ պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 5 տարի, իսկ արժեկտրոնային եկամուտները վճարվելու են կիսամյակային պարբերականությամբ:

Հատկանշական է, որ այս պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվեց նախատեսված ժամկետից (դեկտեմբերի 17-ը) բավականին շուտ: Հոլդինգի այս թողարկման (ինչպես և մյուս բոլոր թողարկումների) անդերրայթերն է «Կապիտալ Ինվեստմենթս» ներդրումային ընկերությունը: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է ընկերության նախագահ Սամվել Բեգլարյանը, թողարկման շրջանակներում ներգրավված դրամական միջոցներն ընկերությունը կուղղի նախկին պարտքի վերաֆինանսավորմանը:

Աղբյուրի համաձայն, այս տարվա նոյեմբերի 25-ին ընկերությունը մարեց 2010 թվականի նոյեմբերին թողարկած 1.5 մլրդ.դրամ ծավալով պարտատոմսերը: Այդ թողարկումից ստացված միջոցներն ուղղվեցին «Huntsman Building Products» ՍՊԸ բաժնետոմսերի ձեռքբերմանը, ինչի արդյունքում ընկերության արտադրական տարածքը Երևանում հաջողվեց մեծացնել ևս 4.2 հեկտարով: Այդ տարածքում արդեն գործում է 2012 թվականին կառուցված 2-րդ արտադրամասը, ինչպես նաև տեղակայված են «Շեն Դեկոր» խանութների ցանցի պահեստները: Այդ տարածքում նախատեսվում է նաև 3-րդ արտադրամասի տեղակայումը, որն արտադրում է գիպս և շինարարական չոր շաղախ, ինչի հետևանքով կընդլայնվեն պահեստները: Նշենք, որ ընկերությունն առաջին անգամ կորպորատիվ պարտքի շուկա դուրս եկավ 2006 թվականին (40 մլն.դրամ թողարկման ծավալով` դառնալով Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի պիոները): Հոլդինգը մշակում է նաև IPO անցկացման պլան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: