ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ հունվարի 22-ին այցելեց «LGS Group» ընկերության թեթև պողպատյա բարակապատ կոնստրուկցիաների (ԹՊԲԿ) նորաբաց արտադրամաս` ծանոթանալու այս տեխնոլոգիայի առանձնահատկություններին: Այցի ընթացքում նախարարին ներկայացվեց նախորդ տարի ներկրված հզոր հոսքագիծը, պրոֆիլների արտադրության և հավաքման պրոցեսը, պատրաստի նմուշ-կառույցներ, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ հաղորդվեցին կրող կոնստրուկցիաների շերտերում օգտագործվող նյութերի վերաբերյալ:
Այնուհետև հյուրերի համար կազմակերպվեց հատուկ պրեզենտացիա, որի ընթացքում «LGS Group»-ի համահիմնադիր Դենիս Լոզենկոն ընդարձակ անդրադարձ կատարեց տեխնոլոգիայի պատմությանն ու կիրառությանը, վերջին տարիների ընթացքում արձանագրված հաջողություններին ու կուտակած փորձին: Հատուկ ընդգծվեց տվյալ տեխնոլոգիայի մեծ պոտենցիալն ու հեռանկարները հատկապես դպրոցաշինության, գյուղատնտեսական և արդյունաբերական նշանակության շինությունների, սոցիալական շինարարության և մի շարք այլ ոլորտներում, ներկայացվեցին առավելությունները տնտեսական նպատակահարմարության, արագության, մոբիլության, թեթևության և այլ տեսանկյուններից:
Հյուրերի կողմից կարևորվեց նոր տեխնոլոգիայի ներմուծումը Հայաստան, քննարկվեցին սեյսմիկ և այլ նորմերին դրա համապատասխանեցման անհրաժեշտության, ինչպես նաև առաջիկա նախագծերին «LGS Group»-ի մասնակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին «Շեն Հոլդինգ» ընկերության նախագահ, «LGS Group»-ի հիմնադիր Սամվել Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի համար և հույս հայտնեց, որ դրանով հիմք կդրվի երկարատև և արդյունավետ համագործակցության:
«Շեն Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող LGS Group ընկերությունը հիմնադրվել է 2015թ.: Այն զբաղվում է թեթև պողպատյա բարակապատ կոնստրուկցիաների (ԹՊԲԿ) հիմքով ժամանակակից շենքերի ու շինությունների նախագծմամբ, արտադրությամբ և շինարարությամբ: Ընկերությունն իրենից ներկայացնում է մետաղական կոնստրուկցիաների արտադրամաս, նախագծային բյուրո և շին. կազմակերպություն` սեփական սարքավորումներով և անձնակազմով:
Գործունեության կարճ ժամանակահատվածում ընկերությունն արդեն իսկ իրականացրել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերնահարկի, ինչպես նաև Բագրատաշենի նորակառույց մաքսատան հսկման տաղավարների կառուցման աշխատանքները: Ներկայումս ընթացքում են Գոգավանի մաքսատան, իսկ գարնանը կսկսեն Բավրայի մաքսատան հսկման տաղավարների կառուցման աշխատանքները:
ԹՊԲԿ-ն մետաղական հիմնակմախքի օգտագործմամբ արագ շինարարության տեխնոլոգիա է, որը նախապես նախագծվում, արտադրվում և շինհրապարակ է հասցվում կմախքի յուրաքանչյուր հանգույցի հստակ մակնշմամբ: Մետաղական հիմնակմախքը պատրաստվում է ցինկապատ պողպատից, ամրացման բոլոր հանգույցների հեղույսային միացումներով, որոնք կոռոզիայի ենթակա չեն: